ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու ձեռամբ կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց «Վաստակավոր լեհական մշակույթի» պատվո շքանշանով, որը Լեհաստանում համարվում է մշակույթի դաշտում տրվող բարձրագույն պարգևը:
Պարգևատրման արարողությանն ունեցած ելույթում Նովակովսկին խոսեց լեհական մշակույթի հանրահռչակման գործում Հարություն Խաչատրյանի ներդրած ավանդի, նրա հիմնադրած միջազգային կինոփառատոնի բացառիկ նշանակության մասին՝ ի մասնավորի կարևորելով «Ոսկե ծիրանի» շրջանակներում գործող «Լեհական կինոյի օր» ծրագիրը, լեհ կինոգործիչներին՝ Քշիշտոֆ Զանուսիին, Ագնեշկա Հոկանդին, Վոյչեխ Մարչևսկուն, Յանուշ Գազդային, Պավել Պավլիկովսկուն, այլոց, Հայաստան հրավիրելու կամ նրանց արվեստը մեր երկրում ճանաչելի դարձնելու իրողությունները: Նույնքան կարևոր համարեց այն հանգամանքը, որ Լեհաստանում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությամբ լեհ հանդիսատեսի համար հասու և սիրելի է դարձել ժամանակակից հայկական կինոն:
Հարություն Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց Լեհաստանի կառավարությանը՝ իր գործունեությունը բարձր գնահատելու համար, թվարկեց մի քանիսն այն միջազգային մրցանակներից, որոնց արժանացել է ինքը վերջին տարիներին՝ հավելելով, թե դրանք ոչ միայն իր, այլև «Ոսկե ծիրանի» պարգևներն են: Նա նշեց. «Մեծ պատիվ է ինձ համար ստանալ այս մրցանակը, բայց սա միայն իմ մրցանակը չէ, այլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ անձնակազմի վաստակն է, նաև հայ հանդիսատեսինն է, որը մեծ սիրով դիտում է այն լեհական ֆիլմերը, որոնք մատուցում ենք իրեն կինոփառատոնի օրերին: Հաճելի է, երբ եվրոպական երկրները նկատում են հայ արվեստագետների աշխատանքը իրենց արվեստը պրոպագանդելու հարցում և երախտագիտություն են հայտնում՝ նրանց հանձնելով այսպիսի պարգևներ»:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի համատեղ ջանքերով կազմակերպված երեկոն գեղարվեստորեն հագեցած էր Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և Լեհաստանի դեսպանի տիկնոջ՝ Յադվիգա Նովակովսկայի «Մոռացված հայը» ֆիլմերի ցուցադրությամբ:
Հարություն Խաչատրյանի «Կոնդը» բոլորովին այլ կերպ երևակվեց մեծ էկրանին՝ իր ռեալիստական մոնումենտալիզմով, խորհրդային տրաֆարետներով, մարդկային ցավին սթափ հայացքով և սահմռկեցուցիչ մանրամասներով անդրադառնալու ուժով, այդ ցավին ու կարկամեցնող թշվառությանը քաղքենի-շվայտ երբեմնի «Դվին» հյուրանոցի ցուցամոլ հակադրությամբ և 1987 թվականի գիշերային Կոնդում ճառագող հատուկենտ լապտերներով:
Պանի Նովակովսկայի «Մոռացված հայը» Լեհաստանում հայկականության արմատների փնտրտուքի արդյունքում ստեղծված ֆիլմ է՝ նվիրված մեր հայրենակից, գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչին: Ֆիլմը հայկական կոլորիտին բնորոշ տարրերով լեհական միջավայրի հյութեղ համապատկերում արված կինոաշխատանք է, որում առկա են և՛ հայ ազգի պատմության, և՛ հայի մշակութային որակների, և՛ հայ տղամարդու՝ կանանց շրջանում ունեցած հաղթանակների, ինչպես նաև գերդաստանի կյանքում պատվարժան գլխավորի առաքելության, և՛ հայկականության հանդեպ օտարների զգուշավոր հակադարձումների, և՛ կենցաղային-առօրեական բազմաշերտ անցուդարձերի հնչերանգներ:
Օրը և իրադարձությունը մշակութային լինելուց զատ ևս մեկ ամրագրումն էին դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամության:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ